Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Մտնում ենք դասական գաղութատիրության ռեժիմ, ինչի մասին շատ ենք լսել ու կարդացել, բայց դա մեր կողքով է անցել: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշում է՝ Աֆրիկայում եղել են Մաբուտուն, Բոկասոն և շատ-շատերը, հիմա եկել է ժամանակը, երբ մեր կաշվի վրա ենք զգալու դասական գաղութատիրությունն ու արտաքին կառավարումը:
«Հետաքրքիր է, որ Բատիստան, ումից Ֆիդել Կաստրոն ազատագրեց Կուբան, սկզբնական շրջանում հանդես էր գալիս որպես անկախական շարժման առաջնորդ, սակայն, հետո, երկիրը դրեց արտաքին կառավարման տակ, այն դարձնելով Մաֆիայի ու պոռնոբիզնեսի արատովայր:
Տեսնում ենք, ու հաշտվում ենք, որովհետև գաղութատիրությունն առաջին հերթին հենվում է ցածր սոցիալական պատկերացումներ ու կառավարման արատավոր կառուցվածք ունեցող երկրներում, որտեղ սոցիալական պոպուլիզն ու ազգային ինքնության խաթարված պատկերացումները գաղութատերերի հիմնական գործիքներն են, նաև, բնականաբար, տեղական դիկտատորները, որոնք հիմնականում, իրենց տիպաժով, կլոուններ են, և դրա համար սիրելի ու ընկալելի տեսարանների կարոտ զանգվածի համար»,-գրում է նա։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «1920թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։
«Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։
Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ Սակայն այդ ժամանակ առկա քաղաքական նպատակները որևէ տեղ չանհետացան՝ սպասելով գործարկվելու հարմար առիթի։
Տարիներ անց առիթը եղավ։
2024թ. սեպտեմբերին «Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա ծավալվի թե՛ դեպի Արևելք, թե՛ ընդհանրապես դառնա գերակա ուժ տարածաշրջանում։
Վերջին ցանկության մասին է գրում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նույնիսկ խոսուն վերնագրով գիրք է հրատարակել՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող այդ գիրքը երեկվանից Հայաստանի դե-ֆակտո կառավարության սեղանին է։
Իսկ տեղը, որում «հանձնվում էին» բանալիները, կոչվում է «Թուրքական տուն» (Türkevi) և ծառայում է որպես Թուրքիայի արևմտյան քարոզչության (այդ թվում՝ հակահայկական քարոզչության) գլխավոր շտաբերից մեկը։ Հենց այդ տեղից են աշխատում են թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ։
«Փաշինյանի տաղանդը՝ ամբողջ աշխարհին մեղավոր դարձնել, բացի իրենից, չի աշխատելու։ Որովհետև լրտեսական տեղեկություններ կային սեպտեմբերի 27-ի հետ կապված, ինչի՞ բանակը չի բերվել պատրաստվածության։ Ինչո՞ւ է ՀՀ զինված ուժերի 50 տոկոսից պակասը ներգրավված եղել ռազմական գործողություններում 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ սպառազինության հարցում միայն ԱԹՍ-ների պակաս կար։
«Դու քո զորքերի հիսուն տոկոսն ես ներգրավում ու ասում՝ ով ինչ թուր, սաղավարտ ունի, վերցրեք, եկեք։ Դա է իր ողջ դավաճանության էսենցիան։
ԱԹՍ-ները մեր գրած սպառազինության պլանով պիտի գնվեին, ընդ որում, ոչ թե գրել էինք՝ լավ կլինի՝ լինի, այլ գրված կար, տակը փողը դրված՝ ումից ենք առնելու, պայմանագիրն էլ հետը։ Եկավ, Սու-երն առավ, որ սելֆի անի։
Հանցագործները չեն կարող բացահայտել հանցագործությունը, դրա համար էլ 44-օրյա պատերազմի իրադարձությունները քննող ԱԺ-ի հանձնաժողովի հետ կապված մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք դեռևս 2021թ-ին։ Ուղղակի մի հատ էլ շոու կլինի, մի քանի հատ քրգործ կգեներացնեն, էլի ինչ-որ մեկը մի ապուշություն կասի»,- նշել է Մամիջանյանը։
Երևանում վարձակալության գները նվազել են շուրջ 50 տոկոսով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց անշարժ գույքի անկախ մասնագետ Կարապետ Հովհաննիսյանը։
«Ռելոկանտների հոսքերը դադարել են, և լճացման ֆոնին գների կտրուկ անկում է նկատվում բնակարանների վարձակալության շուկայում։ Այն բնակարանը, որը նախորդ տարի վարձով էին տալիս 400 հազար դրամով, հիմա 230 հազարով չեն կարողանում տալ։ Անկումն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել մոտ 50%: Ըստ էության, մենք վերադառնում ենք նախկին գներին (մինչ ուկրաինական հակամարտությունը. խմբ.)»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով` դիրքերն առայժմ չի զիջում Արաբկիր վարչական շրջանը: Քիչ թե շատ բարձր գները պահպանվում են հենց այդ տարածքում, բայց այնտեղ էլ արդեն մատչելի գնային առաջարկներ կան։
Բնակարանատերերից շատերը դեռ չեն հարմարվել ցածր գներ թելադրող շուկայական իրողություններին։ Նրանք գումար են ծախսել թանկարժեք վերանորոգման վրա` ոգևորվելով զբոսաշրջիկների նոր հոսքից, և հիմա չեն կարողանում համակերպվել իրենց բնակարանները ցածր գնով հանձնելու գաղափարին։ Հովհաննիսյանը ենթադրում է, որ ի սկզբանե վարձակալության համար նախատեսված բնակարանների մի մասը կմտնի վաճառքի շուկա։
Արտակարգ աշխուժությունն ու դրան հաջորդած լճացումը նա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանում վարձակալության շուկան որևէ կերպ չի կարգավորվում։
Վրաստանում, օրինակ, օրենսդրորեն ամրագրված են այն մարդկանց կատեգորիաները, որոնց հնարավոր չէ վտարել նույնիսկ հիմքերի առկայության դեպքում, կամ նրանց վտարման ընթացակարգը շատ բարդ է։ Այդ շարքում են անչափահասները, անապահովները, հաշմանդամները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև նրանք, ովքեր այլ բնակարան և եկամտի աղբյուր չունեն։ Այս օրենքը բավական սառեցրել է բնակարանատերերի ոգևորությունը։
«Իսկ մեզ մոտ ռելոկացիայի ալիքների ժամանակ բնակարանների սեփականատերերը զանգվածաբար դուրս հանեցին տեղացիներին և տները կրկնակի գնով հանձնեցին ռելոկանտներին։ Արդյունքում բնակարանների գների չարդարացված աճը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Երևանում կյանքի թանկացումը ռելոկանտների մեծամասնությանը ստիպեցին մեկնել թեկուզ Վրաստան, որտեղ մեկ ընտանիքը, կոպիտ հաշվարկներով, 1 ամսում կարող է 1000 դոլար խնայել։ Ռելոկանտների արտահոսքի մեջ իր դերը խաղաց նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը»,- նշեց Հովհաննիսյանը։
Միջնորդներն ու անշարժ գույքի սեփականատերերը ենթադրում էին, որ որոշակի ակտիվություն կապահովեն Արցախից տեղահանվածները, սակայն այդ կանխատեսումները չիրականացան. պարզվեց, որ նրանց մի մասն այստեղ բնակարան ունի։ Բացի այդ, նրանցից շատերը գերադասեցին բնակություն հաստատել ոչ թե մայրաքաղաքում, այլ մարզերում։
Փորձագետը օրինակ բերեց մի արցախցի ընտանիքի, որը մայրաքաղաքի չափազանց բարձր գների պատճառով ժամանակին հիմնավորվել է Աբովյանում։ Հիմա նրանք կարող են նույնպիսի բնակարան վարձել Երևանում, նույնիսկ ավելի ցածր գնով, բայց արդեն չեն ուզում. լիովին հարմարվել են այնտեղ, երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում։
Իսկ բռնի տեղահանվածների հաշվին «հարստանալու» ձգտումը Հովհաննիսյանը բարոյական տեսանկյունից անընդունելի է համարում։
Ինչ վերաբերում է 10% եկամտահարկին, որը վճարում է վարձատուն, ապա փորձագետի կարծիքով` դա միայն ծանրաբեռնում է շուկան։
«Քաղաքակիրթ երկրում դա միանգամայն արդարացված կլիներ, բայց մեզ մոտ բոլորովին այլ իրավիճակ է։ Մեր երկրում ԽՍՀՄ-ից հետո սոցիալական բնակարանաշինական ծրագրեր չեն եղել (եկամտահարկի վերադարձի մասին օրենքը սոցիալական ծրագիր չէ, այլ ընդամենը բանկերի և անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ուղղված նախագիծ), այսինքն` մարդիկ արտոնյալ պայմաններով անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն երբևէ չեն ունեցել։ Մյուս կողմից անհրաժեշտ է լուծել արցախցիներին բնակարանով ապահովելու հարցը»։
Պետությունը, նրա խոսքով, այս ամենը հաշվի առնելով պետք է առայժմ սպասեր և «քիթը չմտցներ» այդ ոլորտ, գոնե մինչև բռնի տեղահանվածների հարցը լուծելը։ Քանի որ հայտնի չէ, թե ինչ վիճակում կհայտնվեն արցախցիները հունվարի 1-ից հետո, երբ բնակարանի վարձակալության համար տրվող 50 հազար դրամ փոխհատուցումները դադարեցվեն։
«Պետությունը անընդհատ փորձում է «խցկվել» անշարժ գույքի գործարքների մեջ։ Եվ դա խորացնում է ճգնաժամը»,-ասաց փորձագետը։
Նա կանխատեսում է, որ շուկան կփլուզվի երկու պատճառով` անշարժ գույքի ավելցուկ և Երևանում կյանքի որակի անկում։ Չէ՞ որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելիս ոչ ոք չի մտածել, որ դա կհանգեցնի քաղաքի գերծանրաբեռնվածության, չեն մտածել ճանապարհային երթևեկության, կոյուղու, ջրահեռացման համակարգի մասին։ Մինչդեռ շենքեր սարքելուն զուգահեռ պետք էր զարգացնել նաև այդ համակարգերը։ Բայց չեն արել, և հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նույնիսկ կարճատև անձրևները դառնում են հեղեղումների, ճանապարհային խցանումների, էլեկտրացանցերում մշտական վթարների պատճառ։ Իսկ վերջերս արդիական է դարձել նաև կոյուղաջրերի խնդիրը, մասնավորապես Կոնդում, Արաբկիրում, Աջափնյակում, Հրազդանի կիրճում։
Բնականաբար, այս բոլոր խնդիրները այս կամ այն կերպ ազդում են ինչպես վարձակալության արժեքի, այնպես էլ ընդհանուր առմամբ անշարժ գույքի վրա: Պետությունը կառուցապատողներին պետք է ներկայացներ իրական պատկերը. տները վաճառվելու են դանդաղ և բոլորովին ոչ այն գներով, որոնցով ի սկզբանե նախատեսվում էր։ Այդ դեպքում պահանջարկը, հնարավոր է, համապատասխաներ առաջարկին։
Հովհաննիսյանը եզրափակեց` ստեղծված իրավիճակում, երբ չկա ջրահեռացման ստորգետնյա ցանց, ստիպված ենք լինելու տեղափոխել մայրաքաղաքը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի:
Իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ հակասությունները։ Սրբազանի շրջապատից վստահեցրին, որ այս պահին տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։
Ի դեպ, վերաօծման արարողության ժամանակ տաճար կարող են մտնել միայն հրավիրատոմսերով: Եվ անգամ ԱԺ պատգամավորներից ոչ բոլորին են հրավիրել` միայն ղեկավար կազմին, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարներին»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն իսրայելցի պատանդների փոխարեն կոչ անելով «ազատ արձակել նրբերշիկներին»:
Միջադեպը տեղի է ունեցել Լիվերպուլում իշխող Լեյբորիստական կուսակցության համագումարում կառավարության ղեկավարի ելույթի ժամանակ։
Նա դիմել է ՀԱՄԱՍ շարժմանը՝ ցանկանալով կոչ անել ազատել իսրայելցի գերիներին, սակայն free hostages արտահայտության փոխարեն սխալմամբ ասել է՝ free sausages (ազատեք նրբերշիկներին):
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն անցած տարվա հոկտեմբերից իր մոտ է պահում հարյուրից ավելի իսրայելցի պատանդների, որոնց վերադարձի շուրջ բանակցություններն առայժմ անարդյունք են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250կգ. քաշով ոսկյա ձուլակտորների և 293 մլն ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որոնցից 11-ի ինքնությունը, վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է:
Ձեռնարկված քննչական գործողություններով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձինք, նախաքննությամբ չպարզված անձի կողմից ստեղծված և այլ անձանց հետ հանցավոր կազմակերպության կազմում, նախապես տեղեկացել են, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարարն իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1,090,060,000 ՀՀ դրամ արժողությամբ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտոր և 298,500,000 ՌԴ ռուբլի գումարը Դ.Ի.-ի միջոցով 2024թ․ ապրիլի 10-ին ՌԴ-ից «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխելու է Հայաստանի Հանրապետություն:
Տեղեկանալով այդ մասին՝ հանցավոր կազմակերպության ինն անդամները՝ Գ.Բ.-ն, Կ.Մ.-ն. Ա.Ս.-ն, Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն Ս.Դ.-ն և վերջինիս եղբայր Ա.Դ.-ն, ինչպես նաև Ս.Հ.-ն, Ս.Մ.-ն քննությամբ դեռևս չպարզված մյուս մասնակիցները, նպատակ հետապնդելով Հայաստան փոխադրվող առանձնապես խոշոր չափի գույքը զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելով հափշտակել, նախապես հավաքվել են, պլանավորել և հստակ դերաբաշխել հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:
Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների տեղաշարժն ապահովելու, հնարավոր շարժը քողարկելու և չբացահայտվելու նպատակով խմբի անդամներից մեկը իր ծանոթից, գնելու պատրվակով, վերցրել է վերջինիս որդուն պատկանող «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, իսկ դեպքից ժամեր առաջ Երևան քաղաքի Զաքյան և Խորենացի փողոցների հատման խաչմերուկում կայանված այլ անձի անվամբ հաշվառված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները և այն ամրացրել իրենց կողմից ձեռք բերված «Պորշ» մակնիշի ավտոմեքենային:
Որպեսզի վերահսկեն Հայաստան տեղափոխվող ոսկու և գումարի տեղաշարժը, խմբի անդամները «Զվարթնոց» օդանավակայանում թողել են խմբի անդամներից մեկին՝ Ո.Բ.-ին՝ տուժողների շարժի մասին տեղեկացնելու, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, իսկ մի քանիսը դարանակալել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Խորհուրդների և Երևանյան փողոցների հատման խաչմերուկում:
ՌԴ–ից ՀՀ օդանավի վայրէջք կատարելուն պես՝ նույն օրը՝ ժամը 06։25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Ո.Բ.-ն տուժողների շարժվելու մասին տեղեկացրել է հանցավոր կազմակերպության անդամներին։ Ապա Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, կատարված դերաբշխման համաձայն, «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նրանց և ժամը 07:15-ից մինչև 07:20-նն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով, ավտոմեքենայի պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են տուժողներին տեղափոխող «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան:
Կանգնեցնելուց հետո Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և մոտենալով «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, դրանում գտնվող երեք անձանց նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ հարվածներ հասցնելով, նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու ու նրանց ձերբակալելու պատրվակով ձեռնաշղթաներ են անցկացրել։
Ապա «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտորները և 298,500,000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, նշված երեք անձանց, բռնություն գործադրելով, նստեցրել «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան և արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ ուղևորվելով Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող քարի հանքի տարածք:
Մինչև հանցավոր խմբի անդամների ժամանումը, հանքի պահակը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամ Ա.Մ.-ի հետ, հանցագործությունը պարտակելու և հանցանք կատարած անձանց աջակցելու նպատակով, խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը և քողարկելով նրանց գործողությունները, միասին անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը և հանքի տարածքում՝ հողում, թաղել այն, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:
Այնուհետև, թաքցնելու նպատակով, հանցագործության միջոց «Պորշ» մակնիշի ավտոմեքենան կայանել են նախապես փորված փոսի մեջ, և հանքի տրակտորիստին հրահանգել տեխնիկայի միջոցով հողով ծածկել այն:
Վերջինս, գիտակցելով իր արարքի հակաիրավական լինելու հանգամանքը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամների հետ, խմբի կազմում, էքսկավատորի միջոցով հող լցնելով, թաղել է հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան, այդ կերպ պարտակել և աջակցել հանցանք կատարած անձանց՝ խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը։ Այդ գործողություններով դիտավորյալ վնասել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:
Հանցակիցների աննկատ փախուստն ապահովելու նպատակով Ս.Դ.-ի եղբայրը՝ Ա.Դ.-ն, տեղեկանալով կատարված հանցանքի բարեհաջող ավարտի մասին, նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, իր քենակալ Կ.Մ.-ից վերցրել է վերջինիս պատկանող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ապա եղբոր կանչով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Էրեբունի վարչական շրջան, և սպասել հանցակիցներին:
Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն, Կ.Մ.-ն և Գ.Բ.-ն իրենց տեղաշարժը քողարկելու նպատակով, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են Էրեբունի վարչական շրջան, որտեղ նստել են նախապես պայմանավորված վայրում իրենց սպասող Ս.Դ.-ի եղբոր կողմից վարվող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ով ապահովելով նշված անձանց փախուստը, վերջիններիս տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասում գտնվող իրենց ամառանոց։ Դրանից հետո Ա.Դ.-ն եղբոր՝ Ս.Դ.-ի հրահանգով խմբի անդամներին կրկին տեղափոխել է Երևան քաղաքի Չարբախ թաղամասի տարածք, որտեղից էլ հիշյալ անձինք դիմել են փախուստի:
Ո.Բ.-ի և Կ.Մ.-ի՝ հանք գալուց հետո Վ.Զ.-ի ցուցումով հանքի աշխատակիցն իր անձնական օգտագործման «Գազ 3102» մակնիշի ավտոմեքենայով խմբի 5 անդամներին՝ վերջիններիս կողմից հափշտակված երկու պայուսակներով, տեղափոխել է Երևան քաղաք: Իսկ այդ ընթացքում Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն և Ա.Մ.-ն վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Քննությամբ պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամներից Ա.Ս.-ն, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, իր կնոջն իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել, և առանց իր մտերիմին տեղյակ պահելու վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում պահել է ինչպես հափշտակված գումարների մի մասը, այնպես էլ՝ խոշոր չափերով՝ ընդհանուր 51,594 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 19.980.000 ՌԴ ռուբլի գումարի հետ միասին հայտնաբերվել է ավտոմեքենայում, իսկ 58,000,000 ՌԴ ռուբլին և համապատասխանաբար 12,78կգ. ու 12,74կգ. քաշով ընդհանուր 726,363,555 ՀՀ դրամ արժողության երկու ոսկյա ձուլակտորը 12.04.2024 թվականին հայտնաբերվել են Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ:
Հետագայում հանցավոր խմբի կողմից հափշտակված գումարներից 570,000 ՌԴ ռուբլի գումարը հայտնաբերվել է Ս.Հ.-ի անվամբ հաշվառված, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի խուզարկությամբ:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամներից Ա.Դ.-ն, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, չունենալով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում ապօրինի պահել է 17 հատ 7,62մմ տրամաչափի «AK» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկության ընթացքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, մեկին՝ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 474-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում մեղադրյալներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Ութ մեղադրյալի մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննությունն ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Եվս երեք անձի նկատմամբ, ովքեր հանցանքը կատարելուց հետո դիմել են փախուստի, որպես խափանման միջոց կիրառվել է կալանք և հայտարարվել հետախուզում: Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես վերջիններիս, այնպես էլ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SKIMS ապրանքանիշի նոր ֆոտոշարքում Քիմ Քարդաշյանին համեմատել են Պոկահոնտասի, Մադոննայի և Մոնիկա Բելուչիի հետ։
Քիմի Instagram-ում տեղադրված լուսանկարում նրա մազերն ուղիղ են, իսկ հոնքերը՝ շատ մուգ ու հաստ: Քիմը կրել է XS չափսի SKIMS ներքնազգեստ։
Որոշ երկրպագուներ կարծիք են հայտնել, որ նա նման է Պոկահոնտասին՝ Փոուաթանի բնիկ ամերիկուհուն, որը հայտնի է Վիրջինիա նահանգի Ջեյմսթաուն գաղութային բնակավայրի հետ իր կապով. «Այստեղ Պոկահոնտասին նմանություն կա»: Ոմանք նրան համեմատել են Մադոննայի հետ, իսկ ոմանք էլ նշել են, որ նա նման է Մոնիկա Բելուչիին՝ Beetlejuice ֆիլմում։
Սիրիայից, Իրաքից և Եմենից մոտ 40 հազար գրոհայինների ժամանումին Գոլանի բարձունքներ, ովքեր սպասում են Սայիդ Հասան Նասրուլլայի հրամանին՝ ցամաքային պատերազմ սկսելու համար։
16-ամյա երկու դեռահասներ Օմսկի մարզի ավիաբազայի տարածքում այրել են Մի-8 ուղղաթիռը, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Անչափահասներին բերման են ենթարկել, նրանցից մեկը խոստովանել է, որ գործել է Telegram-ի միջոցով իր հետ կապ հաստատած անհայտ անձի ցուցումով, իրեն խոստացել են վճարել 20 հազար դոլար։
Տեղական NGS55.Ru պորտալը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել Օմսկ-Սևերնի ռազմական օդանավակայանում։ Սեպտեմբերի 21-ի երեկոյան դպրոցականները մտել են հաստատություն, Մոլոտովի կոկտեյլ նետել ուղղաթիռի վրա, նկարահանել տեղի ունեցողը ու անհետացել։ Արդյունքում ամբողջությամբ այրվել է Մի-8-ի օդաչուների խցիկը և նրա ողջ ճակատային հատվածը։ Այս տեսակի նոր ուղղաթիռի արժեքը կազմում է ավելի քան 490 միլիոն ռուբլի։
Shot-ի հաղորդմամբ, դեռահասներին մեսենջերի միջոցով հավաքագրել են «ուկրաինացի կուրատորները», որոնք անհետացել են հրկիզումից հետո՝ առանց վճարելու և նամակագրությունը ջնջելու։ Քրեական գործ է հարուցվել դիվերսիա կատարելու դեպքի առթիվ (ՔՕ 281 հոդված)։ Դպրոցականներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում. Միաժամանակ հեռուստաալիքը պնդում է, որ այրված ուղղաթիռը շահագործումից հանվել է։
Baza-ն հրապարակել է ձերբակալության տեսանյութը։ Անվտանգության առնվազն յոթ աշխատակից կոտրել են բնակարանի դուռը, դեռահասներին բերանքսիվայր պառկեցրել հատակին, ապա հարցաքննել են ձեռնաշղթաներով ձեռքերը մեջքի հետևում կապած վիճակում:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է։ Սեպտեմբերի 11-ի գիշերը Նոյաբրսկի օդանավակայանում 13 և 14 տարեկան երկու դպրոցականներ հոսպիտալացվել են Մի-8Տ ուղղաթիռը հրկիզելուց հետո։ Նրանք խոստովանել են, որ իրենց հետ կապվել են Telegram-ի միջոցով եւ դիվերսիայի համար խոստացել են 5 մլն ռուբլի (ավելի քան 54,5 հազար դոլար)։
Ուղղաթիռը քաղաքացիական է եղել և պատկանել է Utair ավիաընկերությանը, որի արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի։ Baza-ն գրել է, որ դեռահասները ցանկապատի անցքից մտել են պաշտպանված տարածք։ Ավելին, նրանցից մեկի հայրը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին։