««Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ասվածը այլ բան չէ, քան քարոզչական մտահղացում». Հակոբ Բադալյան
Հունվարի 23, 2025

««Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ասվածը այլ բան չէ, քան քարոզչական մտահղացում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ ««Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ասվածն այլ բան չէ, քան քարոզչական մտահղացում:

Ինչպես առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը մի առիթով խոսել էր այն մասին, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ ՔԱՂԱՔԱԿԱՆ կատեգորիա է (քաղաքականն ընդգծում եմ, որովհետև հաճախ այդ խոսքը հիշատակվում է առանց դրա, իսկ՝ դրանով և առանց դրա, արտահայտությունն ունեի արդեն հիմնովին այլ իմաստներ), այդպես էլ կարող ենք ասել, որ «իրական Հայաստանի» այսպես ասած գաղափարախոսությունն է կեղծ քաղաքական կատեգորիա:

Կեղծ է, որովհետև Հայաստանը միշտ էլ կենսագործել է իրականության հիմքով: Այլ հարց է, թե կենսագործունեության զանազան փուլերում փաթեթավորման ինչ «հավելանյութեր» են օգտագործվել, բայց կառավարման մակարդակում մշտապես թելադրողը եղել է իրականությունը:

Թե ինչ եզրահանգումներ, մշակումներ, լուծումներ, որոշումներ են կայացվել՝ ներքին ու արտաքին, տարբեր ոլորտներում և հարթություններում, սա խնդրի մյուս կողմն է, բայց Հայաստանի Հանրապետության կենսագործունեությունը բխել է իրականությունից:

Էլիտաների՝ տնտեսական, քաղաքական, նույնիսկ մշակութային-մտավորական էլիտների ոչ բավարար աշխարհաճանաչողությունը, առաքինության անբավարար աստիճանը կամ ընդհանրապես բացակայությունը, մտածողական ցածր, գավառական նշաձողերը, ընդ որում առ այսօր պահպանվող, պետք չէ շփոթել «անիրական» կամ «պատմական Հայաստանի» հետ:

Եթե իրական Հայաստանը կառավարվել է վատ, անարդյունավետ, ապա միայն անհրաժեշտ մտաբարոյական, արժե-գաղափարական որակների պատճառով, այլ ոչ թե իբր թե իրականի ու պատմականի չտարանջատվածության:

Եվ այսօր էլ, այդ «տարանջատման» թեման՝ իբրև մի հայտնագործություն-լուծում, բերվել է մեջտեղ ըստ էության լոկ այն պատճառով, որ չկան մեջտեղ բերելու վերը նշածս որակները»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 23:02

Լրահոս