ԱՄՆ դեսպանատան հրահանգով հայաստանյան բանկերը միացել են հակառուսական պատժամիջոցներին. Ֆարմանյան
Հունվարի 23, 2025

ԱՄՆ դեսպանատան հրահանգով հայաստանյան բանկերը միացել են հակառուսական պատժամիջոցներին. Ֆարմանյան

Արդեն մի քանի օր է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը։ Կառավարության անդամները ոլորտ առ ոլորտ ներկայացնում են կատարված աշխատանքը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց՝ այս տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճ են արձանագրել, կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը, բարելավել են հարկային եկամուտները՝ հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Ստացվում է, որ ՔՊ-ական իշխանությունը մի կողմից՝ արձանագրում է կանխատեսվածից ավելի բարձր աճի մասին, մյուս կողմից՝ փաստում՝ Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, խոսելով բյուջեի հաշվետվության ու ՔՊ-ականների կողմից հաշվետվությամբ արձանագրած թվերը որպես ձեռքբերում ներկայացնելու մասին, առաջինը կոչ արեց թվերին չխաբվել, հիշել, որ այդ թվային ցուցանիշներն ամենևին էլ որակի և մեր տնտեսության պոտենցիալի մասին չեն խոսում, որովհետև փաստ է այն, որ չնայած այդ թվերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակը չի փոխվել՝ որոշ բացառություններով։

«Բացառությունն իշխանությունն է։ Փոխվել է իշխանության ներկայացուցիչների կյանքի որակը. տեսնում ենք, որ պետական միջոցները վատնվում են, բայց իշխանություններից բացի, որևէ այլ քաղաքացու կյանքը չի փոխվել»,- ասաց Ֆարմանյանը։

Նրա մեկնաբանությամբ՝ տնտեսական քաղաքականության մասին խոսելիս կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թեև մեր տնտեսությունը գերազանցապես կախված է Ռուսաստանից, այդուհանդերձ, Հայաստանում օր օրի ավելի է մեծանում հակառուսական քարոզչությունը։

«Զարմացած եմ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում. օրինակ՝ չի արգելում դրամական փոխանցումները դեպի Հայաստան։ Հիշենք, որ անցած տարի 4 միլիարդ դոլարին համարժեք գումար է Ռուսաստանից փոխանցվել Հայաստան, կամ, օրինակ, ինչպես չի արգելում արտահանումները դեպի ՌԴ։ Սրանք լծակներ են, որոնք կարող է օգտագործել՝ ի պատասխան Հայաստանում տարվող միակողմանի հակառուսական քարոզչությանը»,- ասաց Ֆարմանյանը՝ շեշտելով, որ այս ռիսկերն իրական են՝ հատկապես Կառավարության ընդունած այն որոշումների համատեքստում, որով Հայաստանից դեպի Ռուսաստան սահմանափակվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին։

«Հակառուսական պատժամիջոցների համատեքստում պետք է դիտարկել նաև այն ամենը, ինչը կատարվում է հայաստանյան բանկերում. Օրինակ, բանկ դիմող և գործարք անող մարդանցից բանկերում պահանջում են այնպիսի տեղեկություններ, որոնք կապ չունեն գործարքների հետ։ Այս բանկերի գործունեությունը կանոնակարգվում է ԱՄՆ դեսպանատան կողմից, իսկ Կենտրոնական բանկն ամերիկյան դեսպանատան միջոցով հրահանգավորում է բանկերին, որ կիրառեն հակառուսական պատժամիջոցներ։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է բացատրվում այն, որ տնտեսվարողն իր ապրանքը վաճառում է ռուսական ռուբլով, բայց չի կարողանում բանկից իր գումարը ստանալ, որտեղից պատճառաբանում են, թե վաճառված ապրանքը պատժամիջոցների տակ գտնվող ապրանք է»,- խոսքը եզրափակեց տնտեսագիտության թեկնածուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Rate this item
(0 votes)

Լրահոս