Այսօրվա իրադարձությունները, Սրբազանի խոսքի տոնայնությունը և էլի որոշակի փաստեր համադրելով, ինձ թույլ էի տալիս ենթադրել, որ առաջիկա մեկ֊երկու օրը շարժումը նոր հանգրվան կունենա և իրապես կթևակոխի ամենա֊ամենա վճռական փուլ։ Ընդ որում նոր փուլ ասածը, ի տարբերություն շատերի տեսակետի, իմ պատկերացմամբ չէր ենթադրում Նիկոլի հրաժարականը, այլ ևս մեկ քայլով կմոտենար դրան։ Ես ի սկզբանե փորձել եմ առավելագույն չափով իրատես լինել և երբ հայտարարվում էր, որ վերջնական նպատակին հասնելու համար ութ֊տաս օր է պետք, մեղմ ասած անհավանական էի համարում`` ոչ մեկից պակաս չուզենալով, որ այդ օրը գա մեկ օրից , ոչ թե ութ օրից։
Հայտարարվեց, որ վաղը հիմնական միջոցառումները պետք է կայանան Գյումրիում։ Ընդունելի որոշում է, եթե նկատի առնենք, որ հայտարարվել է վարչապետի կնոջ Գյումրի այցելության մասին, Հանրապետության հրապարակում նախատեսվում են հունիսմեկյան միջոցառումներ։ Կան էլի նպաստող հանգամանքներ. մարզերից ամենաակտիվը Շիրակն է` պայմանավորված նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանգամանքով, անհրաժեշտ է շարժման <<կրակը>> նաև մարզերում վառել։
Բոլոր դրական ու նպաստող հանգամանքներով հանդերձ կա վատ նախադեպ։ Նախորդ ընդդիմադիր շարժումը, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից թելադրված, Երևանում իր անելիքը այլևս չտեսնելով որոշեց <<մարզային այցելություններով>> օրակարգը պահել։ Արդյունքը բոլորիս հայտնի է։
Ի սկզբանե բոլորը հորդորում էին Սրբազանին գալ Երևան, որովհետև խնդրի լուծումը Կիրանցում չէին տեսնում։ Սրբազանը արդեն երեք շաբաթ է Երևանում է և իմ գնահատմամբ <<հրավիրողների>> գերակշիռ մասը շարունակում են ակտիվ կամ պասիվ խորհրդատու մնալ, <<բարոյական աջակցություն>> ցուցաբերել ու էլի ինչ֊որ տարբերակով <<զորակցել>> շարժմանը։
Ամեն դեպքում հուսանք, որ եթե նույնիսկ սկսվել է <<մարզային>> փուլը, այն չի ունենա նախորդի վախճանը, որովհետև բազմաթիվ նմանությունների պարագայում կան նաև էական տարբերություններ, մասնավորապես կա վարչապետի թեկնածու։
P. S. Շարժման ամենօրյա ակտիվությունը մեդիատիրույթի երկրորդ պլան է մղել այլ կարևորագույն իրադարձություններ` ռուս֊ուկրաինական պատերազմը, Իրանի նախագահի ավիաղետը, Սլովակիայի նախագահի մահափորձը և այլն։ Մեզանում բանտից քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին, ֆուտբոլի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, իսկ այսօր արդարացվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դե յուրե ապացուցվեց, որ իզուր էլ մերժել էիք։
Արտակ Ավետիսյան