Հոր նման բաժանում էր երեխեքին, որ իրար չվնասեն․․․
Հունվարի 23, 2025

Հոր նման բաժանում էր երեխեքին, որ իրար չվնասեն․․․

Հանրության համար շատ անսովոր բան է, երբ բարձր կոչումով հոգևորականը բերետների հետ «կռիվ է տալիս»։ Անսովոր է, որովհետև շատերը հոգևորական ասելով պատկերացնում են մենախցում նստած ու աղոթող մարդ։ Նման պատկերացում ունեն նաև ՔՊ-ի դեղնակտուցները, երբ ասում են՝ հոգևորական է , թող գնա ու իր գործը կատարի՝ աղոթի։ Բայց նաև այսպիսի բան պատկերացնենք։ Հոգևորականն ունի իր հոտը, ժողովուրդը և պատասխանատու է յուրաքանյուր «գառի» կյանքի համար։ Այսօր, երբ նայում էի, թե ինչպես է Բագրատ Սրբազանը ԱԳՆ-ի մոտ արմունկներով հեռացնում, բաժանում բերետներին, որպեսզի նրանք չվնասեն իր հոտի անդամներին, անսահման ցավ զգացի։

Գիտե՞ք ինչու։ Որովհետև Սրբազանի համար բերետն էլ է իր հոտի անդամ։ Նրա կռիվը հոր կռվի նման էր, երբ իր երեխաների մեջտեղում կանգնում է, որ իրար չվնասեն․․․ Հոր նման բաժանում էր երեխեքին։ Մեկ բերետներին էր հեռացնում, մեկ մյուս երեխաներին։ Ուշադիր նայում էի։

Կանգնածս տեղը բավականին բարձր էր ու չէի կարող չնկատել, որ բերետներն էլ, չնայած Նիկոլի հրամաններին, Սրբազանի մեջ հայր էին տեսնում։ Հայրը կարող էր իրենց հեռացնել, բաժանել, մի կողմ հրել, բայց նրանք իրավունք չունեին նույն բանը հորն անելու։ Գուցե շատ լավատես եմ, բայց այդ զգացումը ունեցա, երբ հետևում է ԱԳՆ-ի շենքի առաջ տեղի ունեցող դեպքերին։ Ու այստեղ մի դեպք հիշեցի, որ մեր գյուղի մեծերն էին պատմում։ Գյուղում մի ընտանիք կար, որ ասում էին ամենադժբախտ ընտանիքն է։ Երեխաները հիվանդ էին ու անընդհատ դժբախտությունների մեջ։

Պատմում էին, որ ընտանիքի հայրը տարիներ առաջ տերհոր վրա ձեռք է բարձրացրել։ Մարդիկ պատմում էին ու վախեցած մեղա գալիս։ Հիմա ժամանակները փոխվել են, աղանդավորները քանդել են աշխարհը, բայց մեր հասարակության մեջ Աստծո մարդու վրա ձեռք բարձրացնելը մնացել է որպես սրբապղծություն։ Դա համարվում է ծանր մեղք։ Մի բան էլ։ Հպարտության մի այլ կարգի զգացում է, երբ տեսնում ես, որ հոգևոր հայրը ոչ միայն կռվում էր իր ամեն մի գառան, այլ կռվում է Հայաստան աշխարհի արժանապատվությունը հետ բերելու համար։ Կռվում է նվաստացած Հայաստանի, նրա հոգևոր արժեքների կորստյան համար։ Կարծում եմ բերետներն էլ, ոստիկաններն էլ հպարտ են, որ նման հոգևոր առաջնորդ ունեն, ով Հայաստանի կորուսյալ հեղինակությունը հետ բերել է ուզում։

Հասմիկ Բաբաջանյան

Հրապարակ

 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս