«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուզենք թե չուզենք, Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ։ Սա վկայում են պարզ վիճակագրական թվերը: Իսկ ԵԱՏՄ-ն այն տնտեսական հարթակն է, որն ապահովում է միասնական տնտեսական դաշտ Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների միջև ու նպաստավոր պայմաններ ստեղծում ապրանքների ու ծառայությունների շրջանառության համար։ Ու պատահական չէ, որ ՀՀ իշխանությունները երբևէ դժգոհություն չեն հայտնել ԵԱՏՄ-ի գործունեության հետ կապված։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տնտեսական ու ռազմաքաղաքական ինտեգրացիոն միավորումները չեն կարող միմյանցից տարանջատ գործել։ Այսինքն, Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, սակայն լիուլի օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից։
Մանավանդ, առիթներ ունեցել ենք համոզվելու, որ երբ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպիսի իրարանցում է առաջացել ՀՀ տնտեսության մեջ։ Բայց նման պարզ տրամաբանությունը Հայաստանի այսրոպեական իշխանությունների մասին չէ։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության, ընդհանրապես՝ իր թիմի մասին «տրամաբանություն» բառը կիրառելը առնվազն անմտություն է: Օրինակ՝ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հայկական կողմի հերթական քայլը լինելու է ՀԱՊԿ կազմից դուրս գալը, իսկ մինչ այդ նա նշում էր միայն ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, երբ հայկական կողմը չէր մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն չէր խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Փաշինյանն իսկապես կգնա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլին, թե՞ կբավարարվի միայն դրա մասին հայտարարություններով, ժամանակը ցույց կտա, սակայն Ռուսաստանից էլ արձագանքում են, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված։
Բայց հարցն այն է, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 15-ից 17-ը Բաքու կատարած այցելության ժամանակ էր Լուկաշենկոն հայտարարել, թե պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել։ Նա նաև պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը։ Ինչո՞ւ է Փաշինյանը միայն մեկ ամիս անց հիշել Լուկաշենկոյի հայտարարությունները։ Տարբեր առիթներով տեսել ենք, որ երբ անհրաժեշտ է լինում արձագանքելու, միանգամից, առանց ժամանակ կորցնելու արձագանքում է։ Ի՞նչն է պատճառը, որ նա մեկ ամիս անց հիշեց Բելառուսի նախագահի հայտարարությունը։ Այդքան ժամանակ մտածո՞ւմ էին՝ արձագանքել, թե ոչ:
Այդպես չի լինում: Ուրեմն, այս «պոզդնիությունը» պատահական լինել չի կարող: Վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը։ Իսկ երբ նկատի ենք ունենում, որ այս այցելությունը տեղի է ունենում նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին, պատկերը բացվում է, քանի որ Բելառուսը հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։Պատահական չէ, որ շատ փորձագետներ կարծիք են հայտնում, թե միգուցե Օ՛Բրայենը Փաշինյանի ականջին էլի ինչ-որ բաներ է շշնջացել...
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ