«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, ինչ կատարվեց հունիսի 12-ին, ըստ որում, թե՛ խորհրդարանի շենքի անմիջական մերձակայքում, թե՛ ԱԺ դահլիճում, պարզորոշ վկայությունն էր այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կամ հեռացումը կանխորոշված է: Այդ առումով մնացել է մեկ հարց՝ ե՞րբ: Դժվար է կոնկրետ օր ու ժամ կանխատեսել, մանավանդ, որ դա անշնորհակալ գործ է, բայց մի բան կարելի է վստահ նշել. Փաշինյանի հեռացման հետհաշվարկը տրված է: Ինչպես վերջերս նշել էինք՝ ժամացույցը տկտկում է: Ոչ պակաս էական է այն, որ Փաշինյանն ինքը հրաշալի հասկանում է դա, հասկանում է, որ ոստիկանական մահակների, վայրագությունների ու անմեղ հայ մարդկանց արյունահեղությամբ երկարաձգված իր պաշտոնավարման ամեն մի օր մոտեցնում է իր անխուսափելի հեռացման պահը:
Կոնկրետ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հենց ոստիկաններն էին, որ շարունակաբար լարում էին իրավիճակը, հրահրում բախումներ, խոչընդոտում ԱԺ պատգամավորների ազատ շարժը, ամեն գնով ցանկանում էին ստեղծել բախումնային ու անկառավարելի իրավիճակ: Ապա ոստիկանության համազգեստ կրողները նախահարձակ գործողությունների դիմեցին: Որպես այդ ամենի ականատես՝ կարող եմ նշել, որ գործի դնելով, այսպես կոչված, լուսաձայնային կամ ձայնային նռնակները, նրանք, հստակ իմանալով տարածքում մարդկանց, վրանների տեղակայումները, նաև այն, որ հավաքված բազմության հետևի ու միջին շարքերում կան կանայք, երեխաներ, տարեցներ, նռնակները նետում էին այդ ուղղություններով, երկու նռնակ նպատակային նետվեց հարթակի ուղղությամբ, որտեղ այդ պահին Բագրատ Սրբազանն էր, մի երկու անգամ նռնակներ նետվեցին մարդկանց ուղղությամբ, որոնք առաջին օգնություն էին ցուցաբերում արդեն պայթած նռնակների բեկորներից վիրավորվածներին: Դա ամենաիսկական վայրագություն էր՝ խաղաղ, անզեն, իրենց օրինական բողոքն ու անհնազանդությունն արտահայտող ՀՀ քաղաքացիների ու հայ մարդկանց դեմ: Վայրագություն, որը փաստեց ինչպես գործող ռեժիմի, այնպես էլ դրա իշխանավարման սպառվող ժամանակն սպասարկողների ոչ միայն անհայրենիք ու անպատիվ լինելը, այլև անմարդկայնությունը, մարդկային տարրական արժանիքներից զուրկ լինելը: Ակնհայտ է. իշխող ռեժիմը պատրաստ է արյուն թափել, վիրավորել, խեղել, սպանել: Գուցե նաև «հոգին փառավորվելու» համար:
Ու միգուցե ավելի ծանր ընթացք կունենար այս ամենը, եթե ընդվզումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման ղեկավար կազմը հնարավորինս չհանդարտեցնեին իրավիճակը, զսպվածության չկոչեին նման պայմաններում բնականորեն բորբոքված մարդկանց: Հետո Փաշինյանը նորից սկսեց աջուձախ մեղադրել ում ասես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Լուկաշենկոյով, ՀԱՊԿ-ով և այլն, չհաշված «նախկիններին», ինչը «մշտական թեմա» է նրա համար: Այդ ամենը, ներառյալ՝ ուժայինների թիկունքում թաքնվելը, արյուն թափելը, ջղակծկումները, «փախեփախ» հեծանիվ քշելու ցուցադրությունները, ցույց են տալիս, որ այլևս ինքն էլ է հասկանում, որ այլ տարբերակ չունի, հետհաշվարկն սկսված է: Ժամացույցը տկտկում է...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ