ԱՄՆ-ում կայացել է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի առաջին նախագահական բանավեճը։ Հեռուստադիտողների ու փորձագետների կարծիքով՝ գործող նախագահը ձախողեց, իսկ Հանրապետականը բացահայտ հաղթող էր։ Կողմնակիցները չեն բացառում, որ Բայդենը պետք է ընդհանրապես դուրս գա ընտրություններից, գրում է Meduza-ն, փոխանցում է Նյուզը։
Ամերիկացի լրագրողները գրում են, որ բանավեճից հետո դեմոկրատները սկսել են խուճապի մատնվել։ Politico-ն մեջբերում է Սպիտակ տան նախկին աշխատակցին, ով նախագահի ելույթն անվանել է «հրեշավոր»։
Սպիտակ տան նախկին մամուլի պատասխանատու Քեյթ Բեդինգֆելդը Բայդենի ելույթը «հիասթափեցնող» է անվանել. «Նրա հիմնական նպատակն էր ապացուցել մարդկանց, որ նա էներգիա և տոկունություն ունի, և նա չկարողացավ դա անել»: Դեմոկրատական կուսակցության համար աշխատող ստրատեգը NYT-ին ասել է, որ Բայդենը կբախվի ընտրություններից դուրս գալու կոչերի հեղեղին: «Այն մարդը, ով եղել է բեմում, չի կարող հաղթել։ Թրամփի հաղթանակի վախը լռեցրել է Բայդենի քննադատներին, և այժմ կխթանի դուրս գալու կոչերը»,- նշել է նա:
Հանրապետականները երկար ժամանակ առաջ են քաշել այն տեսությունը, որ դեմոկրատները Բայդենին կփոխարինեն մեկ այլ թեկնածուով օգոստոսյան համագումարի ժամանակ: Բայց մինչ բանավեճը սրա համար լուրջ պատճառներ չկային։ Այժմ դեմոկրատները շարունակում են հրապարակայնորեն ասել, որ թեկնածուին փոխարինելն անհնար է։
Բանն այն է, որ անցած գարնանը փրայմերիզում Բայդենը ստացել էր ձայների 99%-ը։ Կուսակցության կանոնների համաձայն, դա նշանակում է, որ 3900 պատվիրակները, ովքեր կհավաքվեն օգոստոսին համագումարի համար, որն ի վերջո կորոշի դեմոկրատ թեկնածուին, պետք է աջակցեն նրան, թեև նրանք իրավաբանորեն կապված չեն: Այսինքն՝ առանց Բայդենի համաձայնության անհնար կլինի նրան փոխարինել մեկ այլ թեկնածուով։
Եթե նախագահը որոշի չառաջադրվել, ապա նույն համագումարում պատվիրակների ձայների մեծամասնությամբ կընտրվի նոր թեկնածու։