Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) հայտարարությունը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ․:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) լուրջ մտահոգություն է հայտնում առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (Հայաստանի ՄԻՊ), նրա ղեկավար կազմն ու աշխատակազմը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով ենթարկվում են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում:
Հարձակումները, որոնց բախվում են Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը, ներառում են բանավոր ձևաչափով ոտնձգություններ, գենդերային և էթնիկական հիմքով ատելության խոսք, սպառնալիքներ և ինստիտուտին քաղաքացիների դիմելը և հաղորդումներ ներկայացնելը խոչընդոտելու փորձեր: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը թիրախավորված է հատկապես այն պատճառով, որ ինստիտուտը ներգրավված է խոցելի իրավիճակներում գտնվող խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործում:
Այս շարունակական ոտնձգությունները և ինստիտուտի լայն մանդատին անհարկի միջամտությունը հանգեցնում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր գործունեությունն իրականացնելու միջավայրի վատթարացման: Բացի այդ, քաղաքական գործիչների այս գործողությունները մտահոգություններ են առաջացնում ինստիտուտի աշխատակազմի և ղեկավարության անվտանգության տեսանկյունից: Ի վերջո, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ այս հարձակումները մտահոգիչ են ինչպես հանրային վստահության, այնպես էլ ՄԻՊ-ին դիմելու և հաղորդումներ ներկայացնելու տեսանկյունից, այն դեպքում, երբ այս ինստիտուտն առանցքային դեր է խաղում Հայաստանում անհատների իրավունքների պաշտպանության և խթանման գործում։
Փարիզյան սկզբունքներին լիովին համապատասխանող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ուժեղ հաստատությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հենասյուն է, որն առանցքային դեր է խաղում ազգային մակարդակում մարդու իրավունքների իրականացման հարցում: Միջազգային չափանիշներին համապատասխանող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները նաև համընդհանուր ցուցանիշ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների՝ «խաղաղություն, արդարադատություն և ուժեղ ինստիտուտներ» 16-րդ նպատակին հասնելու համար:
Եվրոպայի խորհուրդը արդյունավետ եւ անկախ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները ճանաչում է որպես մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության նկատմամբ հարգանքի հենասյուն՝ դրանց վերապահելով ռազմավարական առաջնահերթություն, ինչպես հաստատվել է պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում՝ Ռեյկյավիկի հռչակագրում։ Նմանապես, ՄԻՊ հաստատությունները Եվրոպական միության կողմից նույնպես ճանաչվում են որպես երկրում զսպումների և հակակշիռների իրականացման և իրավունքի գերակայության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ապահովելու համար հիմնական դերակատարներ։ Ավելին, ԵՄ կառույցներն ընդգծել են, որ ՄԻՊ հաստատությունների գործունեության միջավայրը սահմանափակելու փորձերը կարող են սպառնալիք ներկայացնել իրավունքի գերակայությանը:
Միջազգային չափանիշները, որոնք կիրառելի են ՄԻՊ հաստատությունների նկատմամբ, հաստատուն կերպով ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի շրջանակներում: Մասնավորապես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով արգելվում է Պաշտպանի գործունեությանը որեւէ միջամտություն, եւ ընդգծվում է, որ Պաշտպանի՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին ուղղված սպառնալիքները առաջացնում են պատասխանատվություն (հոդված 10):
Համապատասխան տարածաշրջանային եւ միջազգային չափանիշներ
ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 48/134 բանաձևով, ՄԻՊ հաստատությունների համար կիրառելի չափանիշների անկյունաքարն են։ Դրանց հիման վրա՝ ՄԻՊ հաստատությունների հավատարմագրման համար պատասխանատու միջազգային մարմինը (Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման ենթահանձնաժողով (SCA)) սահմանում է պահանջների արդի բովանդակությունն ու շրջանակը՝ ապահովելու ՄԻՊ հաստատությունների անկախ և արդյունավետ գործունեությունը:
Փարիզյան սկզբունքների հիմնարար պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության: Փարիզյան սկզբունքները պահանջում են, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություններն իրավասու լինեն կարծիք ներկայացնելու մարդու իրավունքների խախտման ցանկացած իրավիճակի վերաբերյալ, որն իրենք են որոշում հասցեավորել։ Այս համատեքստում Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծել է, որ կենսական նշանակություն ունի մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների հզորացման համար երաշխիքների ապահովումը՝ նպատակաուղղված մարդու իրավունքներին վերաբերելի քննադատական վերլուծություն և մեկնաբանություններ կատարելուն, հաստատության ղեկավարության անկախությունը երաշխավորելուն և մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը: Սա ենթադրում է՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության աշխատակազմի և որոշումներ կայացնող մարմնի պաշտպանվածությունը պատասխանատվությունից այն գործողությունների համար, որոնք նրանք կատարել են իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։
Ավելին, Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները պետք է իրավասու լինեն դիտարկելու և որոշելու ինստիտուտի ռազմավարական առաջնահերթությունները և գործունեությունը՝ հիմքում ունենալով բացառապես երկրում մարդու իրավունքների իր կողմից որոշված առաջնահերթությունները՝ զերծ լինելով որևէ քաղաքական միջամտությունից: