Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանը պաշտոնապես կպարզաբանի Հայաստանի կարգավիճակը կառույցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այնուամենայնիվ կպարզաբանի իրավիճակը, եւ կլինի պաշտոնական որոշում՝ լինե՞լ կազմակերպության կազմում, թե՞ ոչ»,- ասել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Մինչդեռ, ըստ Տասմագամբետովի, ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի առջեւ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։
«Հայաստանը եղել եւ մնում է ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցը, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի առջեւ պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանն անդամակցության հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա։