Եթե հասցնենք, կգնանք նաեւ Սյունիք, եթե ոչ, կբավարարվենք միայն Տիգրանեշեն այցելությամբ: Այս մասին այսօր՝ հունիիսի 4-ին, ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ ուրբաթ առավոտյան կամ ցերեկը կարեւոր միջոցառում ունեն:
Նա խոսեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին. «Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, հետները տարբեր առիթներով հանդիպել ենք: Ընկերներ ունեմ նաեւ կապված առաջին նախագահի ընտանիքի հետ: Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ: Անկեղծորեն ասած, շատ ջերմ հարաբերություններ են: Միգուցե գաղափարական 1-2 բաներ կան, տարբեր են: Իրենք այս ընթացքում ինձ բավականին խորհուրդներ են տվել, չեմ թաքցնում, սա անելու, նա անելու, այս շեշտադրումով խոսելու, որին ես հետեւել եմ: Լսել եմ, քննարկել ենք, թե ներքին, թե արտաքին մարտահրավերների վերաբերյալ: մարդիկ եկել, իրենց անկեղծ պատկերացումները տվել են: Որոշները ընդունել ենք, որոշները՝ ոչ»:
Հարցին՝ առաջին նախագահի հետ հանդիպում եղե՞լ է, Սրբազանը պատասխանեց. «Այս շարժումից առաջ հանդիպել եմ առաջին նախագահի հետ, բավականին քննարկել ենք իրավիճակի մասին: Երեւի մի 15 օր առաջ: Միշտ սիրով կհանդիպեմ բոլորի հետ, խնդիր չկա, բայց հիմա կարծում եմ՝ այս փուլում չենք»: